Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դուք ձեր անճարակությունն ու բովանդակազրկությունն եք քողարկում անբռնազբոս՝ սանձարձա՛կ, անկա՛րգ, խառնափնթո՛ր հայերենով

Դուք ձեր անճարակությունն ու բովանդակազրկությունն եք քողարկում անբռնազբոս՝ սանձարձա՛կ, անկա՛րգ, խառնափնթո՛ր հայերենով
03.07.2023 | 11:15

Թումանյանի պես գրո՛ղ հայեր, ձեզ մի հարց տամ՝ ինչու՞ եք «Թումանյանի լեզվով», «Թումանյանի պես» գրում:

Ենթադրեմ երկու պատասխան:

Թումանյանի խոսքի բովանդակությունն ու ոճը շատ եք հավանում, դրա համար էլ, կամա-ակամա, Թումանյանի պես եք խոսում, գրում, ինչը կոչում եք նաև անբռնազբոս, առանց կաղապարների ու նախապաշարմունքների, համով-հոտով ժողովրդական հայերեն:

«Համով-հոտով», «երգեցիկ ու արտահայտիչ» հայերենի տեսությունը շարունակելով՝ ասում եք.

- Բարբառները մեր լեզվի գանձերն են, մեր լեզվի հարստությունը...

- Ներեցե՛ք, տիկնա՛յք և պարոնա՛յք, ձեր խոսքը մեղրով կտրեմ, այդ ո՞րն է «մեր լեզուն», որը եռանդով հարստացնում ու հարստացնում են մեր գանձերը՝ բարբառները. ո՞րն է այդ առեղծվածային «մեր լեզուն», որը հարստացնում, լրացնում են բոլոր բարբառները միաբերան ու միակամ: Եվ ինչո՞վ են հարստացնում՝ անկարգությամբ, ցաքուցրիվությամբ ու թուրքերենո՞վ, տարբեր լեզուներից բառեր ու արտահատություններ ներմուծելո՞վ, հնչերանգը բազմազան դարձնելո՞վ՝ ամեն վանկի վրա մի ամբողջ մուղամ քաշելով, հետո էլ եվրոպական ռիթմ ներարկելով, տեմպի անհեթեթ փոփոխություններով, որտեղ չի հասկացվում ո՛չ իմաստային-շարահյուսական փոխհարաբերությունը, ո՛չ էլ բովանդակային կապերը, միգուցե գրական հայերենը վարկաբեկելով ու ծաղրելո՞վ են բարբառներն իրենց անհատնում գանձերով հարստացնում «մեր լեզուն». եթե «մեր լեզուն» գրական հայերենն է, որով գրել են մեր դասական գրողները, դրա հին տարբերակով՝ մեր մատենագիրները, Եկեղեցու հայրերը, ուրեմն թող բարբառներն այլևս նեղություն չքաշեն ու մեր լեզուն չհարստացնեն իրենց գանձերով:

Վերադառնանք «Թումանյանի պես» գրելուն:

Եթե դուք խոսում ու գրում եք Թումանյանի պես, ուրեմն դուք սիրում եք Թումանյանի խոսքը, ընդ որում ոչ միայն ոճը, այլև բովանդակությունը, և եթե իսկապես սիրում եք Թումանյան, ուրեմն նաև պիտի կարդայիք Թումանյան, եթե կարդում եք Թումանյան, հապա ինչի՞ց է, որ ձեր խոսքը կա՛մ պարզունակ ու մակերեսային կաղապարաբանություն է, կա՛մ փքուն ու վերաբարձ կաղապարաբանություն՝ գարշելի, նողկալի ինքնագոհությամբ հագեցած, այսինքն ոչ մի կապ չունի Թումանյանի ոճի ու բովանդակության հետ. ինչի՞ց է, որ ձեր խոսքը երբևիցե Թումանյանի մի տողը չարժե:

Իսկ եթե դուք գրում եք Թումանյանի պես՝ կարծելով, թե այդպես գրելով ու խոսելով դուք էլ երբևիցե կսկսեք գրել Թումանյանի խոսքի բովանդակությամբ, թումանյանական խորությամբ ու լայնությամբ, ուրեմն անուղղակիորեն հաստատում եք, որ լեզուն մտքերի հետ կապ ունի՛, թեև երբ ձեզ հորդորվում է խոսել մաքուր հայերենով, մոլեգին եռանդով գոչում եք՝ լեզուն մտքերի հետ կապ չունի:

Դուք ոչ միայն Թումանյան չեք կարդում, դուք առհասարակ չեք կարդում, մինչդեռ եթե ուզում եք լինել Թումանյանի պես, գոնե մասամբ, ուրեմն սկսեցեք կարդալ Թումանյանի չափ, «Թումանյանի պես»:

Եթե ասում եմ՝ մորուքը մտքերի հետ կապ չունի, հարց է ծագում՝ ինչու՞ եմ մորուք պահում «Թումանյանի պես». եթե պարզապես դա ինձ հաճելի է, իմ ճաշակով է, հարց է ծագում՝ ինչի՞ց է, որ մորուքով տգեղ ու տձև եմ դառնում, բայց ավելի ինքնահիացած, ավելի ինքնասիրահարված:

Եվ մի հարց էլ. դուք Սևակ էլ եք սիրում, դա կասկածից դուրս է, հապա ինչու՞ Սևակի պես չեք խոսում ու գրում, գոնե գրելիս մեկ-մեկ էլ Սևակի պես գրեիք, դրանից հո՛ Թումանյանը չէ՞ր նեղանա ձեզնից, հո՛ չէ՞ր խանդի ու նախանձի:

- Ա՛յ ողորմելի թշվառականներ, այդ որտե՞ղ եք տեսել, որ Թումանյանն իր հեղինակային խոսքում «ա»-երով գրի, անփույթ ու ինքնագլուխ կետադրի:

Դուք ձեր անճարակությունն ու բովանդակազրկությունն եք քողարկում անբռնազբոս՝ սանձարձա՛կ, անկա՛րգ, խառնափնթո՛ր հայերենով, թաքցնում ու արդարացնում եք ձեր բարոյապես ու մտավորապես անկյալ վիճակը. ձեզ պետք է աղմուկ, ժխոր, տարատեսակ ձայներ, փոշի ու պղտորություն, «փոթորիկ՝ մի բաժակ ջրում սարքած», որ ձեր դատարկությունը, ծանծաղությունը սքողեք:

Դուք նման եք զրուցելու շնորհքից զուրկ այն վարորդին, որը դիտմամբ ավտոմեքենան անսարք է դարձնում և հպարտ-հպարտ ասում է.

- Այսպես հետաքրքիր է ու բազմազան, անվադողերը տարբեր տրամագիծ ու լայնություն ունեն, դրա շնորհիվ՝ անկանխատեսելի է դառնում ավտոմեքենայի կառավարումը, դա շատ հետաքրքիր է ու զվարճալի... ղռղռոցն ու դռռոցը ոչ թե ականջ են ծակում, այլ, միախառնվելով տարատեսակ թխկթխկոցներին ու շխկշխկոցներին, շոյում են լսողների ականջը, դա յուրօրինակ երաժշտություն է, ո՛չ ես, ո՛չ էլ իմ ուղևորները չեն ձանձրանում:

Արմեն ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 4249

Մեկնաբանություններ